+374 41 811 118

ԻՆՉՊԻՍԻ ՍՊԱՍՔԱՊԱՀԱՐԱՆ ԸՆՏՐԵԼ (ՄԱՍ 1)

Բոլոր ժամանակներում սպասքապահարանները եղել են ինտերիերի կարևոր մասը, և ժամանակի ընթացքում իրենց գլխավոր ֆունկցիոնալ դերին զուգորդել են նաև դեկորատիվ նշանակությունը, մանավանդ, երբ դրանք նախատեսված են հյուրասենյակի համար։

Անշուշտ կարևոր է, որ մեր հյուրասենյակի սպասքապահարանը նախ և առաջ մեզ դուր գա, չէ՞ որ այն ամեն օր մեր աչքի առջև է գտնվելու։ Սակայն մինչ ըստ ճաշակի կողմնորոշվելը, կարևոր է սպասքապահարան ընտրելիս հաշվի առնել մի քանի գործոն, որոնք կահույքի մեր գնումը կդարձնեն հաջողված։

Եվ այսպես, ինչի՞ն ուշադրություն դարձնել հյուրասենյակի սպասքապահարան ընտրելիս․

Անկախ այն բանից, թե մենք ուզում ենք տան ինտերիերին հաղորդել էլեգանտ, շքեղ կամ էլ պարզապես պարզ ու հարմարավետ տեսք, կարևոր է, որ ինտերիերի բոլոր մասերը՝ կահույքը, դեկորացիաները, անգամ պաստառները լինեն համահունչ և ներդաշնակ։ Այսինքն՝ կաշվե փափուկ կահույքի հետ սկանդինավյան ոճի սպասքապահարան կամ լոֆթի ոճի բազմոցի հետ՝ ծանր ու զանգվածային հսկա պահարան համադրելը, մեղմ ասած, վայելուչ չէ։ 

Անշուշտ, տարբեր ոճեր համադրելը հետաքրքիր գաղափար է, սակայն նման էքսպերիմենտներին պետք է մոտենալ զգուշորեն և առանց չափազանցությունների։

Երբ խոսում ենք ինտերիերի ներդաշնակությունից, կարևոր է հաշվի առնել նաև նրա չափսերը։ Փոքր բնակարանների համար, հատկապես, ճիշտ կահույք ընտրելը բարդ է, անհրաժեշտ է հաշվի առնել ամեն անկյունն ու սանտիմետրը, որպեսզի ընտրած կահույքի չափերից չտուժի ո՛չ տարածքը, ո՛չ էլ բուն կահույքի ֆունկցիոնալությունը: Այս հարցում հեշտ կողմնորոշվել կօգնի փոքր հյուրասենյակի համար սպասքապահարան ընտրելու վերաբերյալ մեր առանձին հոդվածը։

Տարողունակությունը մյուս կարևոր գործոնն է, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հյուրասենյակի սպասքապահարան ընտրելիս։ Խոհանոցայինի դեպքում տարողունակությունը, որպես հատկանիշ, առաջին տեղում է, չէ՞ որ պահարանի մեջ նախատեսում ենք տեղավորել տարատեսակ չափերի և նշանակության սպասք, որը, ի տարբերություն հյուրասենյակում պահվողների, ավելի հաճախ ենք օգտագործում։ Սակայն սա չի նշանակում, որ հյուրասենյակային պահարանը կարող է լինել անհարմար։ 

Հյուրասենյակային սպասքապահարանում, սովորաբար, պահվում է ավելի ցուցադրական սպասք՝ ապակե կամ ճենապակե մեծ ափսեներ, բաժակներ, ինչպես նաև խմիչք, սափորներ, հուշանվերներ և նկարներ։ Այս բոլորն, անշուշտ, բացի իրենց հատկացված տեղից, պահանջում են նաև ազատ տարածք, որպեսզի դրանք հանելիս կամ տեղափոխելիս չվնասվեն և չվնասեն միմյանց։ Հետևաբար սպասքապահարանի չափերի և տարողունակության հարցում մեզ կօգնի նախնական հաշվարկն այն ամենի, ինչ նախատեսում ենք տեղավորել պահարանում։

Եթե տանը կան փոքր երեխաներ կամ ընտանի կենդանիներ, ապա սպասքապահարանի ընտրության հարցում կարևոր է նախապատվությունը տալ գոնե ներքևի հատվածում առանց ապակու փակ դարակներ կամ դռներ ունեցող տեսակներին, քանի որ վերջիններս անզգույշ վզվզող փոքրիկների և կենդանիների համար առավել անվնաս են։

Մեր մյուս հոդվածում կխոսենք հյուրասենյակային սպասքապահարանների տեսակների մասին։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ՀԱՇՎԱՐԿԵԼ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԱՀՈՒՅՔԻ ՉԱՓՍԵՐԸ

Կահույք ընտրելիս ամենաշատը սխալվում ենք հենց չափսերի հարցում։  

22 11 2020

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ԲԱԶՄՈՑ

Ժամանակակից բազմոցների տեսականու մեջ ամենապահանջվածներից են անկյունային տիպի բազմոցները։

21 01 2022

ՓԱՅՏՅԱ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ 5 ԿԱՆՈՆ

Ձեռք բերելով փայտյա կահույք՝ ցանկալի է հենց առաջին օրվանից ուշադրություն դարձնենք նրա խնամքին ու պահպանությանը, որպեսզի երկարացնենք կահույքի կյանքը։

10 05 2021