+374 41 811 118

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՄԱՐ ԳՐԱՊԱՀԱՐԱՆ (ՄԱՍ 2)

Գրապահարանի չափերի հարցում կողմնորոշվելիս կա տարածված մի մոտեցում, որ իդեալական չափսն այն է, երբ կարողանում ես անգամ ամենավերևի դարակից գիրք հանել։ Այս մոտեցումը, սակայն, ճիշտ է գրախանութների, գրասենյակների դեպքում, մինչդեռ բնակարաններում գրապահարանների նախընտրելի չափը պայմանավորված է նախ ինտերիերի չափերով, դիզայնի մեր ընտրությամբ և բնականաբար գրքերի այն քանակով, որը պատրաստվում ենք տեղավորել գրապահարանում։ 

Շատ բնակարաններում գրապահարանները որևէ բաց տարածք, պատի խոռոչ կամ էլ աստիճանների ներքևի հատվածը լցնելու գործառույթ են կատարում։ Ավելի մեծ բնակարաններում առանձին գրապահարաններին փոխարինում է գրադարանը՝ բաղկացած մինչև առաստաղ հասնող բարձր պահարաններով, ճիշտ և ճիշտ «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի գրադարանի պես։ Նման դեպքերում, բնականաբար, առանց անհրաժեշտ չափումներ անելուց հետո պահարան ընտրելը մեկից մեկ դատապարտված է ձախողման։ Եթե շրջանցենք դիզայնի և կառուցվածքի այս առանձին դեպքերը, ապա ընդհանուր առմամբ ըստ կառուցվածքի կարող ենք տարբերել գրապահարանների հետևյալ տեսակները․
 
- կորպուսային
- մոդուլային
- անկյունային
- ներկառուցված 

Կորպուսային գրապահարանները ստատիկ են, կարող են լինել ուղղանկյուն կամ հորիզոնական։ Սրանք, իհարկե, տարողունակ են, սակայն տեղաշարժման տեսանկյունից ճկուն չեն։ Եթե բնակարանի առաստաղը ցածր է, ապա ավելի նախընտրելի են նեղ գրապահարանները, որոնց դարակները գնալով նեղանում են։ Այսպիսի կառուցվածքը վիզուալ կերպով բարձր առաստաղի տպավորություն է թողնում և չի ճնշում միջավայրը։ 
    
Մոդուլային, այսինքն՝ մի քանի մասից բաղկացած գրապահարանները հարմար տարբերակ են այն բնակարանների համար, որտեղ կահույքի տեղափոխությունները հաճախակի բնույթ են կրում։ 

Անկյունային գրապահարանի առավելությունը տարածքի հնարավորինս ճիշտ օգտագործումն է, որի հաշվին էլ կարող ենք մեծացնել բուն կահույքի չափերը՝ ձեռք բերելով առավել քանակությամբ գրքեր տեղավորելու հնարավորություն։

Ինչ վերաբերում է ներկառուցված գրապահարաններին, ապա դրանք, ինչպես նշեցինք, տան մեջ ներս ընկած որևէ պատ կամ բաց տարածք լրացնելու դեր ունեն։ Այս տարբերակը շատ հարմար է տարածքի խնայողության հարցում, լրացնում է ինտերիերը՝ «չգողանալով» նրա ազատ տարածությունը։

Գրապահարանների դիզայնի ժամանակակից մոտեցումներն այլևս չեն տեղավորվում շրջանակների մեջ։ Եվ ինտերիերում հավելյալ տարածք, լուսավորություն և խորություն ստեղծնելն արդեն հնարավոր է ոչ ստանդարտ դարակներով, ֆորմաներով, գույներով, տարատեսակ հումքով և տարբեր հնարքների գործադրմամբ։

Գրապահարանների ընտրության մյուս չափանիշներին ծանոթացե՛ք մեր նախորդ հրապարակման մեջ։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՄԱՐ ԳՐԱՊԱՀԱՐԱՆ (ՄԱՍ 1)

Գրապահարանը ինտերիերի կարևորագույն մասերից մեկն է, ուստի նրա տեղադրությունը մեր բնակարանում պետք է լինի հստակ նախագծված, չխանգարի տան անցուդարձին, չվտանգի ո՛չ մեր, ո՛չ էլ գրքերի առողջությունը։

02 10 2021

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՓԱՅՏԵ ՄԱՀՃԱԿԱԼ

Մահճակալների տեսակներն, ըստ հումքի, բազմազան են, սակայն այս հրապարակման մեջ մենք կանդրադառնանք փայտե մահճակալներին և դրանց առանձնահատկություններին։

17 04 2021

ԻՆՉԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԱԹՈՌՆԵՐ ԳՆԵԼԻՍ

Այս հոդվածում մենք ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել աթոռների ընտրությանը։

09 03 2020