+374 41 811 118

ԻՆՉՊԻՍԻ ԲՌՆԱԿՆԵՐ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

Բռնակները կահույքի ֆունկցիոնալ և էսթետիկ դետալն են, որոնք կարող են ամբողջացնել ձեր կահույքի ճակատային գեղագիտական տեսքը։ Երբեմն կահույք պատվիրելիս, պատվիրատուն ամենաշատը դժվարանում է հենց բռնակների ընտրության հարցում։ 

Կահույքի բռնակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մի շարք հատկանիշների, որոնք կարող են որոշիչ լինել բռնակի երկարակեցության և ձեր կահույքի տեսքի համար։ Տեսնենք, թե ինչ տեսակի բռնակներ կան և ինչպես կողմնորոշվել բռնակ ընտրելիս։

Ի՞նչ տեսակի բռնակներ գոյություն ունեն
 
Բռնակների պատմությունն այնքան հին է, որքան կահույքի պատմությունը։ Եվ չնայած, որ այսքան դարերի ընթացքում ստեղծվել են բազմազան բռնակներ, այնուհանդերձ այդ բազմազանության մեջ կարելի է առանձնացնել բռնակների հիմնական տեսակները․

Օղակաձև բռնակներ

Բռնակների այս տեսակն արդեն վաղուց համարվում է դասական։ Մեծապես կիրառվում է կոմոդների դարակների վրա։ Օղակաձև բռնակների ընտրության հարցում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրանց ամրությանը և չափին, որպեսզի դարակը քաշելիս ուժի և ծանրության պատճառով չվնասվեն կամ չպոկվեն։

Խխունջաձև բռնակներ

Ի տարբերություն օղակաձև բռնակների, խխունջաձև բռնակներն ավելի ամուր են, քանի որ ամրանում են մի քանի կետից։ Այս տեսակի բռնակները կարելի է համադրել կլասիկ կահույքի հետ։

Կախվող բռնակներ

Բռնակների այս ձևը, չնայած իր գեղեցիկ դիզայնին, խոհանոցի համար ոչ պրակտիկ է, քանի որ բռնակի ոչ ստատիկ դիրքը աշխատանքային արագ պրոցեսում կարող է դանդաղեցնել ձեր շարժումները։

Կոճակ-բռնակներ

Սնկանման կոճակ բռնակները ամենապրակտիկն են թե՛ խոհանոցային, թե՛ հյուրասենյակային, թե՛ ննջասենյակային կահույքի համար։ Դիզայներները դրանք նախագծում են ամենատարբեր ձևերով, նյութերով և գույներով, ինչի արդյունքում էլ հարմար են թե՛ դասական, թե՛ ժամանակակից կահույքի համար։ 

Կեռաձև բռնակներ

Բռնակների այս տեսակը ևս համարվում է ունիվերսալ և հարմար է տարբեր ոճերի կահույքի համար։ Շնորհիվ ամրացման երկու կետի, կեռաձև բռնակներն ամուր են և հուսալի։

«Փորված» բռնակներ

Այս բռնակները նորություն են և համադրվում են ժամանակակից կահույքի հետ։ Ունեն էլեգանտ դիզայն և ամբողջանում են կահույքի հետ։ Եվ քանի որ առանձին պտուտակներով չեն ամրանում կահույքին, այլ հատուկ սարքավորումով, հանդիսանում են կահույքի մի մասը, ավելի ամուր են և հուսալի։


Ինչի՞ն ուշադրություն դարձնել կահույքի բռնակ ընտրելիս․

Բռնակների տեսակներին թվարկելիս նշեցինք, որ կահույքի բռնակ ընտրելիս նախ պետք է ուշադրություն դարձնենք մեր կահույքի ոճին։ Այսինքն՝ դասական ոճի կոմոդի համար «փորված» բռնակը կարող է էսթետիկ սխալ համարվել և փչացնել մեր կահույքի տեսքը։

Ուշադրություն դարձրեք բռնակների հումքին։ Անկախ այն բանից, թե դրանք կլինեն պլաստմասե, ապակե, փայտե, երկաթե, փղոսկրե, թե մեկ այլ նյութից, կարևոր է, որ այդ հումքը լինի որակյալ, որովհետև բռնակները նախ ունեն ֆունկցիոնալ նշանակություն, հետո՝ էսթետիկ։ 

Որքան էլ համոզված լինեք որակի հարցում, այնուամենայնիվ բռնակներ գնելիս միշտ գնե՛ք մի քանի հատ հավելյալ պահեստային բռնակ։ Հնարավոր է, որ անհրաժեշտության դեպքում շուկայում այլևս չգտնեք նմանատիպ բռնակ, այնպես որ ապահովագրեք ձերր կահույքը պահուստային ֆոնդով։

Բռնակի չափը նշանակություն ունի ոչ միայն նրա կիրառման և երկարակեցության հարցում, այլ նաև կահույքի հետ ներդաշնակ երևալու համար։ Որքան նեղ է կահույքի ճակատային մասը՝ դարակը կամ դուռը, այնքան կարճ կամ նեղ պետք է լինի բռնակը։ 

Եթե կահույքը բաղկացած է մի քանի կտորից, ապա տարբեր դռների և դարակների համար կարելի է օգտագործել նույն բռնակի տարբեր չափսերը։ Սակայն այստեղ կարևոր է չչարաշահել չափերի բազմազանությունը։ Երկու տարբեր չափսը լիովին բավական են։ Կարելի է կիրառել նաև նույն ոճի, նյութի և գույնի երկու տեսակի տարբեր բռնակներ, օրինակ՝ կոճակաձև և կեռաձև բռնակներ։

Բռնակները, բարեբախտաբար, կահույքի հեշտ փոխարինվող մասերն են։ Կարելի է մի քանի տարին մեկ ամբողջապես փոխել կահույքի բռնակները և նոր շունչ հաղորդել կահույքին, բայց նույնիսկ այդ դեպքում մեզ պետք են որակյալ և կահույքի հետ ներդաշնակ բռնակներ։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԱԹՈՌՆԵՐ ԳՆԵԼԻՍ

Այս հոդվածում մենք ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել աթոռների ընտրությանը։

09 03 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019

3 ԽՈՐՀՈՒՐԴ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հյուրասենյակում կահույքի մյուս բաղադրիչներից առաջինն աչքի է ընկնում բազմոցը։

20 07 2020